2023թ. դեկտեմբեր ամսին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում ավարտվել էր ՀՀ քաղաքացի Ռ.Խ.-ի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքի օրինականության ուսումնասիրության գործընթացը և ուսումնասիրությամբ հայտնաբերված՝ ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու հայցապահանջ էր ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Գուրգեն Ներսիսյանն ու Արսեն Սարդարյանը, ստանձնելով քաղաքացի Ռ.Խ.-ի և նրա ընտանիքի անդամների ներկայացուցչությունը, դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործի նախնական դատական լսումների փուլում ներկայացրել են ծանրակշիռ իրավական ու փաստական պնդումներ, որոնց հիման վրա դատախազությունը հրաժարվել է հայցից, իսկ 20.08.2024թ. դատարանը կարճել է հակակոռուպցիոն քաղաքացիական գործի վարույթը:
Այս վարույթի շրջանակում փաստաբանների կողմից ի հայտ են բերվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների ու դրանց պրակտիկ կիրառության հետ կապված մի շարք իրավական խնդիրներ, որոնց կանդրադառնանք ավելի ուշ:
«LSA»-ի փաստաբանական թիմը բարձր է գնահատում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքը՝ հատկապես փաստաբանների ներկայացրած իրավական ու փաստական պնդումները լսելու, քննարկելու, օբյեկտիվ գնահատելու և անկաշկանդ գործելու առումով: