+(374) 33 374 375

Խմբով սպանություն կատարելու մեջ մեղադրվող երկու մեղադրյալներից մեկի մեղադրանքը մերժվեց, մյուսի մեղադրանքը ծանրացուցիչ հանգամանքներով սպանությունից փոխվեց հասարակ սպանության, իսկ ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվող մեղադրյալը ազատվեց արգելանքից:

2020թ.-ից ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է մեր վստահորդներ Ա.Ա.-ի և Ա.Ս.Ա-ի կողմից խմբով սպանություն կատարելու և խմբով զենք ու զինամթերք ձեռք բերելու, պահելու ենթադրյալ հանցանքների կապակցությամբ հարուցված քրեական գործը՝ նախատեսված 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրյալներից Ա.Ա.-ն անազատության մեջ է ավելի քան 5 տարի, իսկ Ա.Ս.Ա-ն՝ ավելի քան 2 տարի:

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Էդգար Այվազյանին և Գուրգեն Ներսիսյանին հաջողվեց դատարանում համոզիչ փաստարկել և ապացուցել, որ մեղադրյալներից Ա.Ս.Ա-ն ընդհանրապես առնչություն չունի դեպքի հետ: Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո դատախազությունը ստիպված եղավ նահանջել և գործով հանրային մեղադրողը 20.09.2024թ. որոշեց փոփոխել Ա.Ա.-ի մեղադրանքը՝ նրա արարքը որակելով 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Ս.Ա-ի մեղադրանքից փաստացի հրաժարվեց: Ավելի քան 2 տարի տևողությամբ անազատության մեջ գտնվող Ա.Ս.Ա-ն նիստերի դահլիճից դատարանի որոշմամբ ազատ արձակվեց: