Վերջին շրջանում ակնհայտորեն նկատվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացում, որի շրջանակում հաճախակի ենք առնչվում տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից «1-C» առևտրային տեղեկատվական ծրագրի օգտագործման և դրանց տվյալները նախաքննության շրջանակում ուսումնասիրության առարկա դառնալու դեպքերի հետ։
Որպես կանոն, «1-C» առևտրային տեղեկատվական ծրագրի տվյալները պահվում են դատավարության մասնակիցներից խիստ գաղտնի և հարկային ստուգում իրականացնող մարմիններին ներկայացվում են միայն դրանցից արտածված թվային տվյալները՝ առանց ծրագրում առկա տեղեկատվության ողջ բովանդակության բացահայտման, ինչը պաշտպանության կողմին զրկում է մեղադրանքի հիմքում դրված ամբողջ տեղեկատվությանը ծանոթանալու և դրանց առնչությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից։
Մեր վստահորդ Գ.Գ.-ին առնչվող քրեական գործով լիարժեք պաշտպանություն ապահովելու համար «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը միջնորդել էր քննիչին՝ խնդրելով հնարավորություն ընձեռնել ծանոթանալու «1-C» առևտրային տեղեկատվական բազայի տվյալներին, սակայն միջնորդությունը մերժվել էր (զարմանալի չէր, որովհետև արմատացած պրակտիկա է)։
Քննիչի հիշյալ որոշման դեմ հսկող դատախազին բերված բողոքը դատախազության կողմից բավարարվել է, քննիչի որոշումը ճանաչվել է ոչ օրինական։ Դատախազի կողմից նաև հանձնարարվել է քննիչին՝ իրականացնելու փաստաբանի միջնորդությունից բխող վարութային գործողությունները։