Տնտեսական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնված բազմաթիվ քրեական վարույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց շրջանակներում անհամաչափ սահմանափակվում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները: Մասնավորապես՝ քրեական վարույթների գերակշիռ մեծամասնության դեպքում առգրավվում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող համակարգիչները և այլ էլեկտրոնային սարքերը (կրիչները), որոնք տևական ժամանակ (ընդհուպ մինչև քրեական վարույթի ավարտը) պահվում են վարույթն իրականացնող մարմնի մոտ՝ այն հիմնավորմամբ, որ դրանցում կարող են պարունակվել քրեական վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կամ դրանք կարող են ճանաչվել իրեղեն ապացույց: Արդյունքում առաջանում են լրջագույն խնդիրներ տնտեսվարողների բնականոն գործունեության համար, քանի որ դրանց գերակշիռ մեծամասնությունն իրականացվում է համակարգիչների և այլ էլեկտրոնային սարքերի միջոցով:
Մեր վստահորդ Գ.Ե.-ի վերաբերյալ քրեական վարույթով լիարժեք պաշտպանություն ապահովելու համար «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանը քննիչին միջնորդել էր տնտեսվարողին վերադարձնել խուզարկությամբ վերցված այն համակարգիչները, որոնցում կատարվել էին թվային խուզարկություններ: Պաշտպանի կողմից ներկայացված միջնորդության լուծումը քննիչի կողմից հետաձգվել էր պրակտիկայում արմատացած այնպիսի հիմնավորմամբ, որ դեռևս անհրաժեշտ է զննել համակարգիչներից հայտնաբերված մեծածավալ տվյալները, կատարել դրանցից բխող այլ քննչական և դատավարական գործողությունների և դրանց արդյունքում պարզել քրեական վարույթի համար նշանակություն ունեցող էական հանգամանքներ:
Քննիչի հիշյալ որոշումը պաշտպանի կողմից բողոքարկվել է հսկող դատախազին, ինչի արդյունքում դատախազի կողմից որոշում է կայացվել բողոքը բավարարելու և քննիչի որոշումը ոչ օրինական ճանաչելու մասին։ Դատախազի կողմից նաև հանձնարարվել է քննիչին վերացնել տնտեսվարողի համակարգիչների նկատմամբ կիրառված սահմանափակումները: