ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ն և Ա.Ս.Ա-ն մեղադրվում էին մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և խմբով զենք ձեռք բերելու ու պահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքների կատարման մեջ: «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Էդգար Այվազյանի ու Գուրգեն Ներսիսյանի՝ մոտ մեկ տարի տևած համառ աշխատանքի արդյունքում 13.12.2024թ. դատարանը (Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գեղամ Մարգարյան) կայացրել է դատավճիռ, որով արձանագրել է Ա.Ս.Ա-ի անմեղությունը և արդարացրել է նրան, իսկ Ա.Ա.-ին մեղավոր ճանաչելով սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածի առաջին մասով, դատապարտել է սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափի՝ 8 տարի ժամկետով ազատազրկման:
Թեև պաշտպանության կողմը գտնում է, որ ներկայացվող դեպքում առկա էին Ա.Ա.-ի արարքը անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանների խախտմամբ սպանության շրջանակում քննարկելու կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքեր ու պայմաններ, այդուհանդերձ հաշվի առնելով նաև գործի զգացմունքային կողմը՝ փաստաբանները բարձր են գնահատում դատարանի կողմից իրականացված արդարադատությունը և դրա «խիզախ» արդյունքները: