«Էլ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերության վստահորդ Ե.Բ.-ն «ՎիԷմ Արմենիա» ՍՊԸ-ից կստանա 71 միլիոն ՀՀ դրամից ավելի հատուցում (հարկադիր պարապուրդի և աշխատանքում չվերականգնվելու դիմաց ընդհանուր փոխհատուցում) իրեն ապօրինաբար աշխատանքից հեռացնելու համար /թիվ ԵԴ2/1514/02/24 քաղաքացիական գործով կայացված և ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն/:
ՀՀ-ում գործում է աշխատողի իրավունքները պաշտպանող և երաշխավորող օրենսդրություն, և այդ օրենսդրությունը կյանքի կոչելու կամք և վճռականություն ունեցող դատավորներ։ Այս համատեքստում ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել այս գործով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորներին՝ Կիմա Արզումանյանին, Գայանե Խաչատրյանին, Դավիթ Սերոբյանին և Նարինե Բարսեղյանին՝ իրավական, օբյեկտիվ և արդարացի ակտ կայացնելու և մեր վստահորդի խախտված իրավունքների դիմաց արդարացի փոխհատուցում սահմանելու համար։
Մեր ընկերության փորձը ցույց է տալիս, որ աշխատանքային հարաբերություններում օրենսդրական պահանջների խախտումները բավականին տարածված են։ Գործարարները՝ աշխատակիցներին աշխատանքից հեռացնում են առանց բավարար հիմքերի, չեն ապահովում վերջիններիս աշխատանքային երաշխիքները, ճիշտ չեն ձևակերպում ազատման պատճառները, հնարավորություն չեն տալիս աշխատակցին իրավիճակի հետ կապված ներկայացնել բացատրություններ և այլն: Գործատուների կողմից թույլ տված համապատասխան խախտումները թույլ են տալիս աշխատանքից հեռացնելու որոշումները վիճարկել դատարաններում և ընկերություններից ստանալ հսկայական փոխհատուցումներ։
Այսպիսով հորդորում ենք Հայաստանում գործունեություն իրականացնող գործարարներին հետևել աշխատանքային օրենսգրքի պահանջներին` իրենց աշխատակիցներին ապօրինի չազատել աշխատանքից և չոտնահարել նրանց սահմանադրությամբ և աշխատանքային օրենսդրությամբ պաշտպանվող իրավունքները։
Գործը վարող փաստաբաններն էին Տաթևիկ Մալխասյանը և Էդգար Այվազյանը: