ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ստորաբաժանումները շարունակում են տնտեսական գործունեության դեմ ուղղված` ենթադրյալ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ նախաձեռնված վարույթներով կիրառել կոշտ քրեադատավարական միջոցառումներ:
Ի տարբերություն այլ գործերի, հատկապես հարկեր վճարելուց խուսափելու վերաբերյալ ենթադրյալ հանցավոր դեպքերի քննության ընթացքում կատարվում են հապճեպ ձերբակալություններ, հարուցվում են քրեական հետապնդումներ, ներկայացվում են մեղադրյալներին կալանավորելու միջնորդություններ, արգելադրվում են ընկերությունների ակտիվները, բանկային հաշիվները: Այդօրինակ գործերով նախաքննական մարմնի իրավաչափ գործողություններից պաշտպանվելու միակ օրինական միջոցը դատական պաշտպանության իրավունքի իրացումն է:
Վերջերս դատախազության կողմից որոշում էր կայացվել ՀՀ խոշոր հարկատու կազմակերպություններից մեկի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին /առանձնապես խոշոր չափով հարկ վճարելուց խուսափելու ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ/, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ստորաբաժանման կողմից որոշում էր կայացվել մեղադրյալին ձերբակալելու մասին, ինչպես նաև դատարան էր ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն:
Քննության առնելով ներկայացված միջնորդությունը, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժել էր մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը` կիրառելով տնային կալանք և գրավ խափանման միջոցները:
Անկախ ու արդար դատական համակարգը իրավական պետությունում մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ամենաբարձր երաշխիքն է: Թեկուզ փաստաբանական համայնքը արդարադատության որոնման ճանապարհին հանդիպում է բազմաթիվ բարդությունների, խոչընդոտների ու անօրինականությունների, այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության` որպես իրավական պետության կայացումը անխուսափելի ու անբեկանելի գործընթաց է, որի առաջնային շահառուն ոչ միայն մարդն է ու քաղաքացին, այլև պետությունը:
Շնորհակալ ենք դատական համակարգի այն ներկայացուցիչներին, որոնք իրականացնում են արդարադատություն և կայացրած դատական ակտերով ապացուցում են իրենց օբյեկտիվ, անկախ ու արդարացի լինելը: