Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում դեպքեր, երբ հատկապես տնտեսական հանցագործությունների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քննիչների կողմից խուզարկություններ են կատարվում, որից հետո գործունեության վայր հանդիսացող խանութի կամ դեղատան դռները կնքվում են, փակվում անորոշ ժամկետով` այդպիսով փաստացի դադարեցնելով տվյալ սուբյեկտի գործունեությունը:
«ԷԼ ԷՍ ԷՅ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանի կողմից պաշտպանություն իրականացվող քրեական վարույթներից մեկով դատարանը, իսկ մյուսով` հսկող դատախազը տնտեսվարող սուբյեկտի գործունեության վայր հանդիսացող օբյեկտի դռները կնքելը և գործունեությունը սահմանափակելը ճանաչել են ապօրինի, որի արդյունքում քննիչի գործողության դեմ բերված պաշտպանի բողոքը բավարարվել է:
Բողոքը բավարարելու մասին հսկող դատախազի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «Սույն դեպքով վարույթն իրականացնող մարմինը, կնքելով «XX» ՍՊ ընկերության գործունեության հասցեի` դեղատան դռները, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություն, որի համար լիազորված չէ օրենքով: Կատարվել է գործողություն, որի արդյունքում թույլ է տրվել Սահմանադրությամբ ամրագրված` անձի տնտեսական գործունեության ազատության` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի օրենքով չնախատեսված սահմանափակում: Հարկ է արձանագրել նաև, որ նշվածի արդյունքում կարող է ֆինանսական, տնտեսական վնաս պատճառվել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործարար հարաբերություններին, հեղինակությանը, ընկալում կարող է առաջանալ, որ նման գործողություններն ունեն պատժողական նպատակ, որպիսի տրամաբանությունն ու նպատակները հիշյալ վարութային գործողությունների կատարման շրջանակներում օրենսդիրը չի ներդրել:»:
Պրակտիկայում արդեն ամրագրված հիշյալ մոտեցումը էական առաջընթաց է այդ ոլորտում իրավունքի զարգացման և գործնականում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակումները կանխելու գործում:
Հուսով ենք նախաքննական մարմինը հաշվի կառնի այս հարցում դատախազության որդեգրած դիրքորոշումը և վարութային գործողությունների շրջանակում տնտեսվարող սուբյեկտների իրավունքները առավելագույնս կպահպանվեն: