+(374) 33 374 375

«Իրավաբանը պետք է սիրի իր մասնագիտությունը, ոչ թե` կարգավիճակը». Արսեն Սարդարյան

«Ճանաչենք մեր իրավաբաններին» խորագրի այսօրվա հյուրը փաստաբան Արսեն Սարդարյանն է: Նրա հետ զրուցել ենք իրավաբանի մասնագիտությունից, թե ինչպես է ստացվել, որ նրա մոտ համատեղվել են դատավորի և փաստաբանի աշխատանքները:

-Պարո՛ն Սարդարյան, մինչև փաստաբանությամբ զբաղվելը՝ դատավոր եք աշխատել, ինչո՞ւ որոշեցիք դատավորից անցում կատարել փաստաբանական գործունեության:

Մինչև դատավոր աշխատելս փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվել. ինձ համար փաստաբանի աշխատանքը շատ հետաքրքիր էր, բայց մի քանի տարի անց դատական համակարգի հետ կապված մի փոքր դժգոհություներ էին առաջացել. ենթադրյալ կոռուպցիոն երևույթները սպանում են փաստաբանի մասնագիտությունը և, ընդհանրապես, իրավաբանությունը:

Փորձեցի համակարգային կոռուպցիայի դեմ պայքարել՝ ինքս դատավոր դառնալով: Երեք տարի դատավոր եմ աշխատել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ նստավայրս գտնվում էր Արցախի Հանրապետության տարածքում: Շատ ծանրաբեռնված եմ աշխատել, զինվորական գործեր էի քննում, նույնիսկ տարի է եղել, որ 170 գործ եմ ավարտել: Չնայած, կարող եմ ասել, որ դա պարծենալու բան չէ, որովհետև եթե շատ գործ ես ավարտել, գուցե, այդքան էլ հանգամանքների մեջ չես խորացել: Իհարկե, դա նաև պայմանավորված էր նրանով, որ Սյունիքում զինվորական գործերով շատ հաճախ զինվորներն արագացված դատական ակտ կիրառելու միջնորդություն էին ներկայացնում և մենք, ըստ էության, հանգամանքները չէինք քննարկում: Եղել են դեպքեր, երբ ինձ համար այնքան անընդունելի է եղել մեղադրանքը, որ մերժել եմ միջնորդությունը և ընդհանուր քննություն եմ իրականացրել, շատ հաճախ եմ արդարացումներ տվել: Սակայն ինձ համար դժվար էր Ստեփանակերտում ընտանիքից հեռու գտնվելը, դրանով էր պայմանավորված, որ թողեցի դատավորի աշխատանքը և վերադարձա Երևան:

Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել Ձեր՝ դատավոր աշխատելու ընթացքում:

-Բանակում կատարվող հանցագործությունների հետ կապված մեր օրենսդրությունը խնդրահարույց է: Երբեմն արարքին անհամաչափ խիստ պատիժներ են սահմանվում: Այդպիսի օրենսդրության պայմաններում ես դարձա ՀՀ-ում աննախադեպ ՀՀ քրեական օրենսգքրի 64-րդ հոդված կիրառող դատավոր, որով ավելի մեղմ պատիժներ էի նշանակում: Այս գործելաոճը սկզբում շատ մեծ զայրույթ առաջացրեց դատախազական մարմինների շրջանում, որովհետև նրանք սովոր չէին դրան, հետագայում իմ գործելաոճն ավելի ընդունվեց: Տարի է եղել, որ 15 հոգի արդարացրել և մոտ 30 անձի նկատմամբ վերավորակման որոշում եմ կայացրել: Զինվորական ոլորտում, շատ հաճախ, հանցագործություն կատարած անձինք հանցագործ չեն իրենց բնույթով, երբ տեսնում ես այդ երիտասարդին, հասկանում ես, որ նա հանգամանքների բերումով է հայտնվել տվյալ կարգավիճակում: Որպես արդարադատություն իրականացնող անձ՝ չես կարող նրան խիստ պատժի ենթարկել, որովհետև իր արարքը բարձր հանրային վտանգավորություն չունի:

-Հիշո՞ւմ եք Ձեր կողմից կայացված առաջին մեղադրական դատավճիռը:

-Մեղադրական դատավճիռ, որպես այդպիսին, չեմ հիշում, շատ քիչ դեպքերում եմ մարդկանց պատիժ նշանակել: Երևի դա կապված էր զինվորական ոլորտի հետ, քանի որ այնտեղ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժները խիստ չափազանցված են: Իմ կողմից կայացրած ոչ մի դատական ակտ առանձնապես էմոցիաներ չի առաջացրել, փորձել եմ խղճով առաջնորդվել, չի եղել հանցակազմ՝ արդարացրել եմ: Այդ ժամանակ արդարացման ակտերը տրամաբանության մեջ չտեղավորվող տարօրինակությամբ էին ընդունվում դատական համակարգում իմ որոշ կոլեգաների կողմից:

Այնուամենայնիվ, գտնում եմ, որ լավ դատավոր եմ եղել, և իմ առավելությունն այն էր, որ երբեք կառչած չեմ եղել դատավորի աթոռից: Հենց անձը սկսում է այդ աթոռն իր կյանքում կարևորել՝ սկսում է անհանգստանալ այդ աթոռը կորցնելու վտանգներով: Մեր երկիրը դեռ երկար տարիներ կպարունակի աթոռը կորցնելու վտանգներ այն դատավորների համար, ովքեր համակարգին ստրկության երդում չեն տալիս: Դատավորները չպետք է վախենան իրենց աթոռը կորցնելուց:

Լինո՞ւմ էին ներքին կոնֆլիկտներ մարդ և դատավոր Արսեն Սարդարյանի միջև:

Իրականում նման երևույթ առաջանում էր իմ աշխատանքի սկզբնական շրջանում, երբ պատիժը ակնհայտ անհամաչափ էր արարքին: Շատ եմ պայքարել իմ մեջ և այդ պայքարում մարդ Արսեն Սարդարյանն է հաղթել: Իհարկե, լինում էին պահեր, որ լարվում էի, որովհետև դժվար է լինում այդ որոշումը տեղավորել և՛ քո մարդ տեսակի, և՛ օրենքների մեջ, բայց ընդհանուր առմամբ Սահմանադրությունն է գալիս օգնության: Օրինակ մեր Սահմանադրության այն նորմը, որով սահմանվում է՝ պատիժը պետք է համաչափ լինի արարքին, դրանով հաճախ եմ ղեկավարվել, երբ Քրեական օրենսգիրքն ինձ փակուղի էր տանում:

Դժվար չէր դատավոր աշխատելուց հետո կրկին վերադառնալ փաստաբանական գործունեությանը, երբ պետք է առաջնորդվեք վստահորդի լավագույն շահով:

-Իմ աշխատանքին նայում եմ՝ որպես իրավաբան, ոչ թե՝ որպես դատավոր կամ փաստաբան: Մենք պետք է համակարգային նայենք հարցին. պետք չէ վստահորդի հետ միաձուլվել, դառնալ մեկ մարդ, որպես փաստաբան՝ պետք է կարողանաս գտնել գործի թույլ կողմերը և լավագույն ձևով այն ներկայացնել: Եթե անձի մեղավորությունը չի ապացուցվում, ուրեմն՝ դա է արդարադատության շահը, այլապես մենք չենք ունենա իրավական մտածելակերպ:

Ո՞ւմ երբեք չեք պաշտպանի:

-Չեմ կարող ասել, որ այսինչ հանցագործություն անողին չէի պաշտպանի, բնականաբար, բոլորս էլ որոշ հարցերի վերաբերյալ ունենք սեփական մոտեցումները: Որպես իրավաբան՝ կասեմ, որ առաջին հայացքից անբարոյական թվացող վարքագծի մեջ, երբ խորանում ես, հնարավոր է հանցագործություն չլինի: Բնակաաբար կան իրավիճակներ, որից պետք է հեռու մնալ: Կարող է լինել ամենափոքր հանցագործությունը, բայց ես չվերցնեմ գործը:

Ի՞նչ է անհրաժեշտ Ձեր ոլորտում հաջողության հասնելու համար:

-Իրավաբանը պետք է սիրի իր մասնագիտությունը, ոչ թե՝ կարգավիճակը: Ես անդավաճան սիրով սիրում եմ իրավաբանի մասնագիտությունը: Կաշխատեմ Արդարադատության նախարար, փաստաբան, թե ինչ-որ մի գրասենյակում իրավաբան, ինձ համար առանձնապես տարբերություն չկա: Փաստաբանի դերը նվազ կարևոր չէ արդարադատության ոլորտում: Պետք է ապացույցների ձեռքբերման գործում լինել ակտիվ, ջանասեր, դրանք ներկայացնելու լավագույն հմտություններ դրսևորել:

-Ինչպիսի՞ն է Արսեն Սարդարյանն իրավաբանությունից դուրս:

-Ազատ ժամանակս ընտանիքիս, տղաներիս հետ եմ անցկացնում: Մեծ տղաս արդեն իմ ընկերն է՝ չնայած դեռ հինգ տարեկան է: Սիրում եմ նաև դահուկ քշել:

Հրաչուհի Ալմաստյան