+(374) 33 374 375

ԱՎԵԼԻ ՔԱՆ 2.8 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՄԵՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵՑ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՔՈՎ

Դեռևս 25.03.2024թ. ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեր վստահորդ Ա.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2.872.891.536 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց խուսափելու մեղադրանքով: Նշված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանությունը ստանձնել էր «LSA» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Գուրգեն Ներսիսյանը, ով մեղադրյալի և նրա հիմնադրած կազմակերպության շահերը ներկայացրել էր ոչ միայն քրեական վարույթի, այլև նախաքննական մարմնի նախաձեռնությամբ նշանակված համալիր հարկային ստուգման, գործով կատարված դատահաշվապահական փորձաքննությունների շրջանակներում: Նախաքննության ընթացքում պաշտպանի կողմից ներկայացվել էին բազմաթիվ միջնորդություններ, բողոքներ, վարչական դատարանում վիճարկվել էին համալիր հարկային ստուգման արդյունքները, դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ հաջողվել էր հիմնավորել համալիր հարկային ստուգման ընթացքում կիրառված մեթոդների ու հարկի հաշվարկման եղանակի ոչ իրավաչափ լինելը:

Պաշտպանի ձեռնարկած դատավարական պաշտպանության միջոցների ու դրանց արդյունքների հիման վրա 2025թ. դեկտեմբերին հսկող դատախազի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցնելու մասին, ինչպես նաև հաստատվել էր քրեական վարույթը կարճելու մասին որոշումը: Նշված որոշմամբ վերացվել էին նաև մեր վստահորդի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի բոլոր միջոցները:

Բարձր ենք գնահատում քրեական վարույթի հանրային մասնակիցների` քննիչի և հսկող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ ու անաչառ վարքագիծը։ Ճիշտ է` մեղադրանքի կողմը ջանք չխնայեց ու «համառ» քննություն տարավ մեր վստահորդին ներկայացված մեղադրանքը ամբողջ ծավալով հիմնավորելու ուղղությամբ, այդուհանդերձ երբեք դուրս չեկավ օրենքից: Դատախազությունն ու նախաքննական մարմինը ցուցաբերեցին անհրաժեշտ խիզախություն ու պատասխանատվություն և «անմեղության կանխավարկածի» ու «պատշաճ ապացուցման» դատավարական սկզբունքների պահպանմամբ` մեր վստահորդի նկատմամբ կայացրեցին արդարացի և օրինական որոշում։