ՍԴ որոշումներից յուրաքանչյուրը կարելի է դոկտորական աշխատանք անվանել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արսեն Սարդարյանը` ի պատասխան մեր այն հարցին, թե անցնող 2019թ.-ին իր փաստաբանական պրակտիկայում որն է համարում ամենագրագետ դատական ակտը։Իսկ Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտերը նա որակեց որպես կանոն բարձրակարգ վերլուծություններ:
Ըստ փաստաբանի՝ իրավաբանությունը բարդ գիտություն է և պետք է հպարտանալ ՍԴ-ով և կան բազմաթիվ նախադեպային որոշումներ, որոնք իրավունքի զարգացում են ապահովում` նկատելով, որ ԱԺ պատգամավորներն իրավաբան չեն և, թեև մշակում են օրենսդրական նախագծեր, բայց որպես կանոն լինում են օրենսդրական բազմաթիվ բացթողումներ։
«Կառույցը, որը լսում է կողմերին, հասկանում է խնդիրը և փորձում է կարգավորել նորմերը, զարգացնել նախադեպի տեսքով իրավունքը, մենք նույնպես զարգանում ենք »,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ կարևոր է Եվրոպական դատարանի դերակատարությունը, որովհետև այն՝ իր նախադեպերով ուղենիշ է դառնում Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի համար։
Փաստաբանի կարծիքով՝ այսօր իրավունքի զարգացման առումով ՀՀ-ն լավ ճանապարհի է կանգնած և, եթե կտրուկ միջամտություններ չլինեն՝ խանգարող, ապա տարիների ընթացքում կունենանք հիանալի դատական համակարգ։
Հարցին, թե ով է տարվա լավագույն դատավորը և հակառակը, Սարդարյանը, էթիկայից ելնելով, չցանկացավ անուններ հնչեցնել, սակայն ասաց, որ նախկինում եղել է «Լավագույն դատավորի» մրցանակաբաշխություն և ինքն արժանացել է այդ մրցանակին։
«Բայց դա չի կարող դիտվել միանշանակ օբյեկտիվ, որովհետև այդ ժամանակ չափանիշներից մեկն արդարացման ակտերի քանակն էր, մյուսը՝ ընդհանուր ավարտած գործերի քանակը։ Օրինակ՝ քրեական գործեր լսող 100 դատավոր աշխատում են բարձր որակներով, բայց մեկն աշխատում է մի մարզում, որտեղ քննում է 20 գործ, իսկ մյուսը՝ մարզում, որտեղ քննում է 180 գործ։ Եթե ես քննել եմ 200 գործ և տվել եմ 10 արդարացում, իսկ նա քննել է 20 գործ և տվել է 4 արդարացման ակտ։ Շատ դժվար է գնահատել։ Միայն արդարացումներն էլ որպես չափանիշ ընդունելը ճիշտ չէ։ Կարևոր է նաև, որ պատիժը լինի արարքին համաչափ։ Կարևոր է նաև վերաորակումները»,- ասաց Սարդարյանը։
Բացի այդ՝ դատավորի որակը, ըստ Սարդարյանի, երևում է նաև դատական նիստը վարելու ունակությամբ.«Ինչպես է կարողանում կողմերին լսել, պահել ընդհանուր ընթացակարգը»։
Սարդարյանի խոսքով՝ կան դատավորներ, որոնց աշխատանքով հիացած է. «Երևում է, որ շատ լուրջ դժվարություններ են իրենց առջև ծառացել՝ այս քաղաքական զարգացումներով, բայց նրանք ամեն գնով պատրաստ են մինչև վերջին օրն արդարադատություն իրականացնել։ Չեմ ցանկանում անվանական ասել, որովհետև բոլորն էլ գիտեն, թե ում մասին է խոսքը։ Հույս ունեմ, որ նման դատավորները որևէ պայմաններում, որևէ դեպքում չեն լքի դատական համակարգը»։
Հարցիրն, թե որն է եղել ամենաառանձնահատուկ «տարվա ձերբակալությունը» և «տարվա մեղադրանքը»՝ Սարդարյանը չցանկացավ քննարկել քաղաքական հարցեր, բայց նշեց, որ հանրության համար ամենամեծ աղմուկ բարձրացրած կալանավորումը եղել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, իսկ ինչ վերաբերում է կալանավորման իրավաչափությանը կամ ոչ իրավաչափությանը, փաստաբանը նշեց, որ սույն գործի նյութերին ծանոթ չէ, ո՛չ հանդիսանում է նրա պաշտպանը, ո՛չ էլ դատավոր է հանդիսացել։
«Պետք է հուսանք, որ մենք չենք դառնա այնպիսի երկիր, որտեղ պրակտիկա է, որ նախկին պետության գլուխը պետք է պարտադիր պատասխան տա նոր իշխանության գլխի առջև։ Սովորաբար զարգացած երկրներում այդ երևույթն ավելի եզակի է հանդիպում, իսկ հետամնաց երկրներում այդ երևույթները պարտադիր են»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ հույս ունի, որ կկարողանանք հասնել նրան, որ հանրային և պետական շահը գերակա լինի բոլորի համար և որևէ քաղաքական ուժ չշարժվի ինչ-որ վերժխնդրությամբ և ներքին ամբիցիաներով։
«Հուսանք, որ կունենանք այնպիսի իրավական համակարգ, որի համար որևէ տարբերություն չի լինի անձի ներկա կամ նախկին քաղաքական դիրքորոշումները, աշխատանքը, այլ՝ զուտ կլինի օբյեկտիվ քննություն ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տառին համապատասխան»,- ընդգծեց Արսեն Սարդարյանը։
«Փաստինֆո»-ի ամանորյա հարցին, թե ինչ է ցանկանում փաստաբան և նախկին դատավոր Արսեն Սարդարյանը Ձմեռ պապիկից՝ դատական իշխանության համար՝ Արսեն Սարդարյանը պատասխանեց. «Ձմեռ պապիկից կցանկանայի, որ դատական իշխանությունում բարեփոխումներ իրականացնելիս պարտադիր խորհրդակցի պրոֆեսիոնալների հետ և հետո միայն որոշում կայացնի։ Այդքանը»։
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո
29.12.2019թ.