Ինչպես արդեն հայտնել էինք 2024 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ էին դիմել միևնույն քրեական վարույթով անցնող թվով 4 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել էր այլընտրանքային խափանման միջոցով՝ նրանց պաշտպանությունը մեր փաստաբանների կողմից ստանձնելուց օրեր անց: (https://legalservices.am/hy/article/185/lsa-grasenyaki-haxtanakneri-sharqy-tvov-4-mexadryalneri-kalanqy-poxarinvec-aylyntranqayin-xapanman-mijocov.html)
2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրենց շահերի պաշտպանությունը ստանձնելու համար մեր գրասենյակ են դիմել նույն քրեական վարույթով անցնող ևս երկու օտարերկրյա քաղաքացիներ՝ Ի.Ժ.-ն և Ա.Ա.-ն, ում մեղադրանք էր ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու, հանցավոր կազմակերպության ղեկավարի առաջադրանքով իրավաբանական անձ համարվող ընկերությունների ապօրինի գործունեությանն օժանդակելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար), իսկ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառված կալանքը:
Մեղադրյալներ Ի.Ժ.-ի և Ա.Ա.-ի պաշտպանությունը մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի կողմից ստանձնելուց օրեր անց ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ա.Ասատրյանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ մեղադրյալներն ազատվել են կալանքից: